ԱՄՆ եվրոպացի դաշնակիցները լայնորեն աջակցում ե...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները լայնորեն աջակցում են Իրանի դեմ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական արշավին, հայտնում է AFP-ն:

Վաշինգտոնի կողմից Իրանի ռմբակոծությունները, որոնց հետևանքով սպանվել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ավիահարվածների են հանգեցրել ողջ Մերձավոր Արևելքում։

«Ես լայն աջակցություն եմ զգում Եվրոպայի կողմից։ Հանգստյան օրերին, ինչպես նաև այս շաբաթվա սկզբին ես հեռախոսով զրուցել եմ բազմաթիվ առաջնորդների հետ», - Հյուսիսային Մակեդոնիա կատարած այցի ժամանակ ասել է Ռյուտեն - «Ես հստակ զգացի, որ ՆԱՏՕ-ի իմ բազմաթիվ գործընկերները ողջունում են միջուկային ներուժից հրաժարվելը, բալիստիկ հրթիռներից հրաժարվելը, ինչպես նաև Խամենեի լիկվիդացիան»։

Միևնույն ժամանակ, Ռյուտեն ընդգծել է, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի պաշտպանության համար ստեղծված ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքը, «չի մասնակցել» ռազմական գործողություններին։

«Բայց ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել Հարավային Լիբանան։