ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերն ու ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և հանդիպել Կոմիտեի ղեկավար կազմի հետ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ Մուշեղ Բաբայանի և Արտակ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Կոմիտեի գործունեության առանցքային ուղղություններն ու արձանագրված արդյունքները, անդրադարձ է եղել կադրերի մասնագիտական պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին: Կոմիտեի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին տեխնիկական հագեցվածության ու Կոմիտեի ծառայողների վերապատրաստմանն առնչվող հարցերում ԹՊԻՀ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար:
ԹՊԻՀ ներկայացուցիչները նույնպես իրենց գոհունակությունն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարությանը գործընկերային սերտ հարաբերությունների համար և հույս հայտնել, որ հիշյալ համագործակցության շրջանակներում նախանշվող առաջիկա ծրագրերը կիրագործվեն ավելի մեծ արդյունավետությամբ: