ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում...

ԱՄՆ նախկին կոնգրեսական և փոխգնդապետ Թուլսի Գաբբարդը, որը հայկական հարցերի հավատարիմ ջատագովն է,  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, հայտնում է zartonkmedia.com-ը:

Նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ Գաբբարդը ցույց կտա անվախ ղեկավարություն, նվիրված կլինի սահմանադրական իրավունքների պաշտպանությանը և ազգային անվտանգությանը:

Չորս ժամկետով կոնգրեսական ընտրված Գաբբարդը, 2020 թվականին եղել է նախագահի թեկնածու, ինչպես նաև ծառայել է ԱՄՆ բանակի ռեզերվում՝ ներառյալ երեք անգամ տեղակայվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Նա 2022-ին դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա միացել հանրապետականներին:

Աղբյուրը նկատում է, որ Գաբբարդը 2017-ին եղել է ՀՀ և Արցախ այցելած ԱՄՆ օրենսդիրների թիմի անդամ՝ բախվելով Ադրբեջանի քննադատությանը: Նա Թուրքիային մեղադրել է 2020-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ հրահրելու համար: 2019-ին Գաբբարդը հովանավորել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևը:

Գաբբարդը ստորագրել է նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակ՝ մտահոգություն հայտնելով Արցախի դեմ Ադրբեջանի վերսկսված ագրեսիայի և Հայաստանի հետ հնարավոր հակամարտության առնչությամբ։