Ազգային գվարդիան բերվել է բարձր պատրաստվածության վիճակի ամերիկյան մի քանի նահանգներում՝ կապված նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում անկարգությունների հավանականության հետ։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։
Վաշինգտոնի եւ Օրեգոնի նահանգներում հրկիզվել են ընտրատուփեր, ինչը հանգեցրել է մի քանի հարյուր ընտրաթերթիկների վնասումների։ Այդ նահանգների ղեկավարները հավաստիացրել են, որ գվարդիան կաջակցի իրավապահ մարմիններին՝ ընտրողների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հայտնել է, որ անվտանգության սպառնալիքներն ընտրությունների ժամանակ մնում են բարձր, եւ որ իշխանությունները պատրաստ են հնարավոր անկարգություններին։ Նման միջոցներ են ձեռնարկվել նաեւ Օրեգոնում, որտեղ նահանգապետ Թինա Քոտեկը նշել է անվտանգ քվեարկության կարեւորությունը եւ խաղաղ բողոքների կոչ է արել։
Անցած շաբաթ Նեւադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն հայտարարել էր, որ Ազգային գվարդիայի 60 զինծառայողներ բերվել են պատրաստ վիճակի՝ ընտրությունների անվտանգ եւ հանգիստ անցկացման ապահովման համար։