Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշաց...

Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշացրել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի անխոհեմ, հակաարդյունավետ և կխաթարի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրան խնդրել են մեկնաբանել Իսրայելի նախարարների կոչերը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող տարածքների բռնակցման վերաբերյալ:

«Կարծում եմ, որ սա մեծ մասամբ արձագանք է աշխարհի մի քանի երկրների կողմից Պաղեստինի Պետությունը միակողմանիորեն ճանաչելու որոշմանը: Մենք նրանց զգուշացրել ենք, որ դա հակաարդյունավետ ենք համարում: Մենք իսկապես կարծում ենք, որ դա խաթարում է բանակցությունները, որովհետև ոգեշնչել է (ՀԱՄԱՍ-ին): Մենք կարծում ենք, որ դա խաթարում է տարածաշրջանում խաղաղության ապագա հեռանկարները: Մենք դա անխոհեմ ենք համարում», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն իսրայելցի նախարարների նման արձագանքի մասին նախազգուշացրել է այն երկրներին, որոնք հայտարարել են Պաղեստինի պետականությունը ճանաչելու իրենց մտադրության մասին: 

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարություն հրապարակեց այն մասին, որ Լոնդոնը Պաղեստինի Պետությունը կճանաչի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատված հումանիտար բեռների մատակարարումներին և չդադարեցնի իր ռազմական գործողություններն անկլավում: Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Փարիզը Պաղեստինի Պետությունը կճանաչի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Նման որոշման մասին են հայտարարել նաև Կանադան, Ավստրալիան և Բելգիան։

Պաղեստինի Պետությունը ճանաչվել է ՄԱԿ-ի 148 անդամ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից: