Ամերիկյան վարչակազմը կազմել է ՆԱՏՕ-ի այն երկրների սև ցուցակը, որոնք հրաժարվել են աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում, և ուղիներ է փնտրում նրանց պատժելու համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փաստաթուղթը, որի վրա պաշտոնյաներն աշխատել են դաշինքի ղեկավար Մարկ Ռյուտեի՝ ապրիլի 8-12-ը Վաշինգտոն կատարելիք այցի նախաշեմին, ներառում է ՆԱՏՕ-ի անդամների ներդրման վերլուծությունը կազմակերպության գործունեության մեջ և դասակարգում է նրանց ըստ մակարդակների։ Այս մասին հրատարակությանը տեղեկացրել են երեք եվրոպացի դիվանագետ և Պենտագոնի ներկայացուցիչը։
Ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը նման նախաձեռնության հնարավորությունը հիմնավորել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։
«Օրինակելի դաշնակիցները, որոնք դրսևորում են իրենց լավագույն կողմերով, կստանան մեր հատուկ արտոնությունները: Այն դաշնակիցները, որոնք նախկինի պես չեն կատարում հավաքական պաշտպանության իրենց մասը, կբախվեն հետևանքների»,- նրա խոսքերն է մեջբերում Politico-ն։
Ինչպես վկայում են աղբյուրները, ԱՄՆ վարչակազմը գաղտնի է պահում մանրամասները՝ ծրագրելով գործողությունների տարբեր տարբերակներ։ Պաշտոնյաները հստակություն չեն մտցրել այն հարցում, թե որոնք կարող են լինել այդ արտոնությունները կամ հետևանքները, հավելել են նրանք։



