Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները մարտի 21-ին և 22-ին Ֆլորիդայում բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է առաջընթացի մասին: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
Ումերովի խոսքով՝ ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը: Նա նշել է, որ դիրքորոշումների համաձայնեցման հարցում կա առաջընթաց:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ կառուցողական բանակցությունների մասին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին Telegram-ում հայտնել է, որ կան Մոսկվայի հետ ռազմագերիների փոխանակումը շարունակելու վերաբերյալ ազդանշաններ: Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ամերիկյան կողմի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ իրավիճակի վրա, սակայն նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը պետք է ավարտել:
Միևնույն ժամանակ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր մարզերում ուկրաինական գրեթե 250 անօդաչու խոցելու մասին: Կան վիրավորներ: Երկրի մի քանի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները:
Ուկրաինան իր հերթին հայտնել է ռուսական հարվածների մասին: Դնեպրոպետրովսկում կա 2 զոհ:



