Ամերիկյան դիկտատուրա հաստատելու փորձ՝ ժողովրդ...
Դեկտեմբերի 9-10 տեղի ունեցավ «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթաժողովը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս գագաթաժողովի մասին մենք արդեն մի քանի հրապարակումներ ունեցել ենք և արձանագրել ենք, որ այն ունի ընդգծված հակաչինական նաև հակառուսական դիրքավորում։ Որպեսզի պնդումները մերկապարանոց չհնչեն, փորձենք հենվել մի շարք փաստերի վրա, որոնք կամրացնեն մեր պնդումների հիմքերը։
Նախ նկատենք, որ ժողովրդավարություն  անունը կրող գագաթաժողովին մասնակցում էին մի շարք երկրներ, որոնց դժվար է համարել ժողովրդավարական։ Այդ երկրների շարքում էին Իրաքն ու Պակիստանը։ Սրանք երկրներ են, որոնք միջազգային ահաբեկչության կենտրոններ են և այս երկրներում ամենակոպիտ կերպով խախտվում են ազգային փոքրամասնությունների, կանանց և երեխաների իրավունքները։
Հետաքրքիր է նաև, որ ժողովրավարության գագաթաժողովին ԱՄՆ մասնակցելու հրավիրում է Պակիստանի և Իրաքի նման երկրներին, իսկ ԵՄ անդամ Հունգարիան նման հրավեր չի ստանում։ ԵՄ անդամ երկիրը չի կարող լինել ոչ ժողովրդավար ու վստահաբար չէր կարող գագաթաժողովին հրավիրված չլինելու պատճառը Պակիստանից պակաս ժողովորդավար լինելը լիներ։ Խնդիրն իրականում նրանում է, որ Հունգարիան սերտ հարաբերություններ ունի Չինաստանի հետ և այս կերպ ԱՄՆ-ն կարծես փորձում է պատժել այդ երկրին։ Մինչ նշված գագաթաժողովը Հունգարիայի պրոամերիկյան քաղաքական շրջանակները հայտարարում էին, որ Չինաստանի հետ  սերտ հարաբերությունները նվազեցնում է ՆԱՏՕ-ում իրենց դերը։ Սա ևս մեկ փաստ է, որ ապացուցում է, որ Հունգարիան ԱՄՆ թիրախում է՝ Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով։
«Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին» հրավիրվել էր նաև Թայվանը, որը չճանաչված պետություն է և տարածքային նկրտումներ ունի Չինաստանի նկատմամբ։ 
Ըստ էության, ԱՄՆ-ը ժողովրդավարությունն իր ձեռքին դարձնում է գործիք՝ աշխարհը միաբևեռ դարձնելու համար։ Ժողովրդավարությունը պետք է քողարկի ամերիկյան համաշխարհային դիկտատուրայի հասնելու ձգտումները։
Ու նաև տրամաբանական է, թե ինչու է ԱՄՆ նախաձեռնած համաշխարհային այս գագաթաժողովի գլխավոր թիրախը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Ամերիկյան դիկտատուրայի ձգտումն է, որ ստիպում է ԱՄՆ-ին առաջինը թիրախավորել Չինաստանին։ Պատմական այս փուլում Չինաստանը հասել է այնպիսի հզորությունների, որը միանշանակ թույլ չի տալու միաբևեռ աշխարհի ձևավորում։ Չինաստանը դառնում է (եթե արդեն չի դարձել) աշխարհի մի նոր կենտրոն, որը պետք է միավորի հազարամյա պատմություն և ավանդույթ ունեցող ժողովուրդներին։ Չինաստանի և Ռուսաստանի փոխգործակցությամբ աշխարհն առնվազն երկբևեռ է։
Չինաստանը դեմ է աշխարհի երկրների համահարթեցմանը՝ ժողովրդավարության ամերիկյան պատկերացումներով։ Պատահական չէ, որ  Բելառուսում ՉԺՀ դեսպանը հայտարարել էր , որ ժողովրդավարությունը Կոկա-Կոլա չէ ՝ նույն համով բոլորի համար։ Այսինքն Չինաստանն ասում է, որ ամեն պետություն ինքն է ընտրում ժողովրդավարության իր չափանիշներն ու սկզբունքները և չպետք է լինի ժողովրդավարության համաշխարհային ոստիկանի դեր ստանձնած երկիր, որը պետք է փորձի ճնշել մյուս երկրներին։
Չինաստանի մոտեցումն իրականում ընկալելի է, քանի որ դժվար է պատկերացնել, որ հազարամյակների պատմություն ունեցող Չինաստանը պետք է իր քաղաքակրթական ձեռքբերումները, որոնք նաև համամարդկային են սահմանափակի ժողովրդավարության մասին ամերիկյան պատկերացումներով։