Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտ...

ԱՄՆ-ի 100-ից ավելի համալսարաններ և քոլեջներ ապրիլի 22-ին համատեղ նամակ են հրապարակել՝ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի «քաղաքական միջամտությունը» կրթական համակարգին։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

«Մենք միաձայն դեմ ենք արտահայտվում կառավարության աննախադեպ չափն անցնելուն և քաղաքական միջամտությանը, որն այժմ վտանգում է ամերիկյան բարձրագույն կրթությունը», - ասված է նամակում։

«Մենք պատրաստ ենք կառուցողական բարեփոխումների և դեմ չենք կառավարության օրինական վերահսկողությանը: Այնուամենայնիվ, մենք պետք է դեմ կանգնենք կառավարության անտեղի ներխուժմանը», - նամակից հատված է մեջբերում գործակալությունը։

AFP-ն նշում է, որ Թրամփը փորձել է վերահսկողություն սահմանել մի շարք հեղինակավոր բուհերի նկատմամբ այն պնդումների պատճառով, թե նրանք համալսարանում հանդուրժում են հակասեմականությունը։ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է կրճատել նրանց բյուջեները, զրկել հարկերից ազատված լինելու կարգավիճակից և թույլ չտալ օտարերկրյա ուսանողների ընդունել:

Նամակում ասվում է, որ համալսարաններն ու քոլեջները հանդիսանում են կենտրոններ, որտեղ «դասախոսական կազմը, ուսանողները և անձնակազմը ազատ են մտքեր և կարծիքներ փոխանակելու» մի շարք հարցերի շուրջ՝ չվախենալով «հատուցումից, գրաքննությունից կամ արտաքսումից»:

Նամակի հրապարակումից առաջ Հարվարդի համալսարանը դատական հայց էր ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ, որը սպառնացել էր կրճատել ֆինանսավորումը և արտաքին քաղաքական վերահսկողություն սահմանել համալսարանի նկատմամբ։