Ամերիկայում քննարկվել են առաջնորդների մակարդա...

Ուկրաինայի պատվիրակությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ քննարկել է ուկրաինական հակամարտության ավարտի համար առաջնորդների մակարդակով հանդիպումների և բանակցությունների հնարավոր ձևաչափերը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ամերիկայում քննարկվել են առաջնորդների մակարդակով հանդիպումների և բանակցությունների հնարավոր ձևաչափերը»,- գրել է Զելենսկին։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ հնարավոր հանդիպումների մասին է խոսքը՝ նշելով միայն, որ դա վերաբերում է հակամարտության ավարտին։

Մայիսի 7-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ժամանել էր Ֆլորիդա՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։ Նրա հանդիպումների մանրամասները և զրուցակիցների անունները չէին հրապարակվում։

Մայիսի 11-ին Զելենսկին հայտնել է, որ Ումերովը հանդիպել է ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Կուշների հետ։

Զելենսկին նշել է, որ Ռուստեմը նաև առանձին և մանրամասն զեկուցել է այն երկրների հետ շփումների մասին, որոնք հետաքրքրված են Ուկրաինայի հետ անօդաչուների գործարքներով։

«Գրեթե 20 երկիր աշխատում են տարբեր փուլերում. արդեն ստորագրվել է չորս համաձայնագիր, և պատրաստվում են առաջին պայմանագրերը այդ համաձայնագրերի շրջանակներում։ Ուկրաինան արդեն ապահովել է իր առաջին էներգետիկ արդյունքները այս համաձայնագրերի շնորհիվ՝ վառելիքի անհրաժեշտ ծավալը մատակարարվում է ուկրաինական շուկա։ Կլինեն նաև զգալի ֆինանսական արդյունքներ»,- գրել է Զելենսկին: