Ամերիկացիներն այսուհետ կկարողանան անձնագրում...

ԱՄՆ-ում անձնագիր ստանալու համար դիմողներն այսուհետ կարող են ընտրել՝ իրենց սեռը նշել կին, թե տղամարդ, և բժշկական տեղեկագրի կարիք չի լինի, եթե իրենց ընտրությունը տարբերվի ծննդյան վկայականում և այլ փաստաթղթերում նշված սեռից:

Ինչպես փոխանցում է The New York Post-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Նրա խոսքով՝ ամերիկացիները շուտով հնարավորություն կունենան իրենց նկարագրող բաժիններում նշել նաև «ոչ բինարային, միջսեքսուալ և սեռին չհամապատասխանող»: Սակայն այդ փոփոխություններն անելու համար ժամանակ կպահանջվի՝ համակարգում անհրաժեշտ թարմացումների պատճառով:

Բլինկենի խոսքով՝ այս որոշումը ևս մեկ քայլ է ուղղված «ԼԳԲՏ համայնքին պատկանող ԱՄՆ քաղաքացիների հանդեպ արդար վերաբերմունքի հասնելուն՝ անկախ նրանց սեռից և գենդերից»: