Gallup-ի ապրիլյան հարցման համաձայն՝ ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ երկրի տնտեսությունը գտնվում է վատ վիճակում, քանի որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը հանգեցնում է վառելիքի գների բարձրացման, իսկ աշխատաշուկայի և ֆինանսական շուկաների նկատմամբ վստահությունը նվազում է մինչև համավարակի ժամանակաշրջանի նվազագույն ցուցանիշներ։
Gallup գործակալությունը հարցումն անցկացրել է Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին, ինչը հանգեցրել է նավթի համաշխարհային գների և վառելիքի ներքին գների աճին։
Ապրիլի 1-15-ը ԱՄՆ 1001 չափահաս բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 47%-ը ներկայիս տնտեսական պայմանները գնահատում է որպես «վատ» (մարտի 40%-ի համեմատ), ինչը նշանակում է, որ մեկ ամսում այն աճել է 7 կետով։
Հարցվածների միայն 21%-ն է իրավիճակը գնահատել որպես «գերազանց» կամ «լավ», իսկ 73%-ը հայտարարել է, որ տնտեսությունում վիճակը վատթարանում է, ինչը նույնպես 7 կետով բարձր է մարտ ամսվա ցուցանիշից։
Ամերիկացիների 63%-ը նշել է, որ այժմ հարմար ժամանակ չէ որակյալ աշխատանք գտնելու համար՝ ի տարբերություն 33%-ի, ովքեր դա հնարավոր են համարում։ Սա վատթարագույն ցուցանիշն է COVID-19-ի համավարակի ժամանակներից ի վեր։ Ֆոնդային շուկայում լավատեսությունը նույնպես նվազել է. հարցվածների 53%-ը հայտարարել է, որ բաժնետոմսերի մեջ ներդրում անելը վատ գաղափար կլիներ՝ ի հակադրություն 43%-ի, ովքեր դա լավ միտք են համարել։



