Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բա...

«Ամերիաբանկ»-ը  հաղթող է  ճանաչվել «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր ուղղություններում ունեցած ձեռքբերումների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, իրականացված գործարքների ծավալը, բանկի կողմից կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: Առանցքային չափորոշիչներից է նաև սպասարկման որակը: 

Նշենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող միակ ընկերությունը, որն ունի Կապիտալի շուկաների, Ձեռքբերումների ու միաձուլումների և Կորպորատիվ ֆինանսների ուղղություններով հաճախորդներին սպասարկող առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ:

Բանկն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, կազմակերպել է հայաստանյան շուկայում ՀՀ դրամով պարտատոմսերի առաջին թողարկումները միջազգային մի շարք  ֆինանսական հաստատությունների համար: 2020 թվականին Ամերիաբանկը թողարկել է նաև եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

 

Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով: Բանկի թողարկումները կազմում են ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի 22,5%-ը:

Ամերիաբանկը «Global Finance»  ամսագրի հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ: