Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգ...
Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի 10-ամյակի առիթով հյուրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը գործում է Երևանում Մայր Աթոռի հովանու ներքո:
 
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ տնօրեն Նունե Գեղամյանն անդրադարձ կատարեց կենտրոնի 10-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին: Տիկին Գեղամյանն ընդգծեց նաև, որ կենտրոնն այսօր արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին, կարևորեց կենտրոնի առաքելությունը և ընդգծեց, որ այն նաև լավագույն հնարավորությունն է ընձեռում հայորդիներին առավել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր արժեքներին։ Այս առիթով Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ կենտրոնի սաները, հաղորդակցվելով սուրբ հայրերի ժառանգությանը, իրենց բարի պտուղները կբերեն ի նպաստ հայոց աշխարհի շենացման ու զորացման:
 
Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին իրենց նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի, ինչպես նաև վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաներին ըստ ամենայնի աջակցելու համար:
 
Խոսելով կենտրոնի ստեղծման պատմության մասին՝ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց բարերարներին, որոնց հոգածությամբ կյանքի է կոչվել և իր առաքելությունն է շարունակում իրականացնել «Նագգաշյան մանուկների տուն»-ը։
 
Անդրադարձ կատարվեց նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքի կազմակերպման ուղիներին:
 
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ