Նիկոլ Փաշինյանը կառավարության կայքում հրապարակել է, իր ձևակերպմամբ, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր»։ Այդ փաստաթղթերը, սակայն, ինչպես որ կանխատեսվում էր, թերի են, հրապարակվել են մանիպուլացնելով, ինչպես նաև հոդվածներ են, որոնք ոչ մի կերպ փաստաթուղթ չեն կարող կոչվել։
Քանի որ հրապարակումն առնչվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցություններին, Yerevan.Today-ը որոշ մեկնաբանություններ խնդրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից։
«Հրապարակված փաստաթղթերի մեջ հանրության համար գրեթե նորություն չկար, կամ կար շատ քիչ նորություն։ Ամենացնցող նորությունն այն էր, որ փաստաթղթի անվան տակ հրապարակում է «Հայկական ժամանակ»-ի հոդվածը։ Սա նորություն էր իսկապես»,- ասաց Բագրատ Միկոյանը։
«Քի Վեսթի փաստաթուղթը, որը բանակցվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք և իր կողմից, ընդհանրապես բացակայում է ցանկից։ Այդ փաստաթղթի փոխարեն, Փաշինյանի խմբագրած թերթից հոդված է հրապարակել, որը, ի միջի այլոց, մի քանի անգամ հրապարակվել էր։
Մեր հարցին, թե՝ ո՞րն է դիրքորոշումը 2019 թվականի փաստաթղթի՝ ԵԱՀԿ ՄԽ առաջարկների մասին, Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Շատ ուշադրության է արժանի այդ փաստաթուղթը, որը Փաշինյանը մերժել է, ու այդ մերժումը բերել է պատերազմի։
Արդեն ակնհայտ երևում է՝ ինչ որակի է բանակցել այդ մարդը։ Չի բացառվում, որ լուրջ բանակցային սեղանների շուրջ ինքը շարունակել է հղումներ անել «Հայկական ժամանակ» օրաթերթին։ Սա, արդեն, դիվանագիտական ծաղրի վերին աստիճանն է, երբ երկրի անունից բանակցողը հղում է անում իր խմբագրած թերթի հրապարակմանը՝ որպես փաստաթղթի»։



