
Այս իշխանությունները շատ փոքր դերակատարում ունեն համաշխարհային և մասնավորապես հայ ժողովրդի ու Հայաստանի պետության մեջ, որ կարողանան փակել Արցախի հարցը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ սակայն ստեղծված պայմաններում Արցախի հարցի վերաբացման հնարավորությունները չկան, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չպիտի լինի օրակարգային:
«Ամենաամոթալին երևի այն է, որ այլ երկրները՝ Շվեյցարիայի խորհրդարանը, Կանադայի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնյան արձանագրություններին, արձանագրում է, որ Արցախյան հարցը փակված չէ և չի կարող լինել, իսկ այս իշխանությունները դրանից վախենում են»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ Փաշինյանը ծախու լրագրող եղած ժամանակներից ատում է Արցախը, ցանկացած հայկականը։
«Արցախի հիմնախնդրի կարգավորման, արցախահայերի իրավունքների վերականգնման հարցը կարևորագույնն է ՀՀ-ի համար, որովհետև այդ խնդրի լուծումը մեր պարտքն է, մենք պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ տեր ենք մեր հայտարարություններին և մեր հայրենակիցներին»,- ասաց Մամիջանյանը։
Մամիջանյանը հիշեցրեց՝ մեր հայրենակիցները հիմա Բաքվում են, ու Փաշինյանը բացարձակ զրո տեր է կանգնում մեր և ձեր եղբայրներին։
«Նմանօրինակ դրսևորումներն են իրականում ցույց տալիս, թե որքան է անկախ երկիրը, որքան է ինքնիշխան, և այն դրսևորումը, որ մեր տարածքից 200 քկմ օկուպացված է: Դա նույնպես Փաշինյանին չի հետաքրքրում։
Դե հիմա ինչքան ուզում է, թող ամսի 21-ին ուղերձներ հղի, բայց փաստացի պաշտոնական Երևանը բացարձակ ոչինչ չի անում մեր եղբայրներին վերադարձնելու համար և բացարձակ ոչինչ չի անում օկուպացված տարածքները ազատագրելու համար»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ ասում են՝ Շահրամանյանը ո՞նց ողջ-առողջ եկավ, թող իր մնացածներին էլ ասեր այդ նույն ճանապարհը, բերեր, Մամիջանյանը պատասխանեց. «Շատ տրամաբանական է՝ իրենք առհասարակ վերջերս սկսել են բավական բաց տեքստով խոսել, զարմանալի չէ, որ Փաշինյանին դուր չի գալիս, որ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից մի քանիսը կարողացել են ողջ-առողջ գալ մայր Հայաստան։ Երևի ինքը կուզեր, որ բոլորը Բաքվի բերդերում տանջվեին, իր խոսույթից դա է երևում»։