ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: «Մենք խնդիր ունենք հասկանալու, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներից քանիսը չեն ստացել բնակարան կամ հավաստագրեր, ի՞նչ խնդիրներ կան քաղաքացիությունը ստանալու հետ կապված»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Այս ծրագիրը այնպես պետք է իրականացնենք, որ մեր որևէ հայրենակից դուրսը չմնա։ Մենք ամեն օր նամակներ ենք ստանում, որ մեր հայրենակիցները կյանքի բերումով իրենց աշխատատեղը գտել են Երևանում, այլ տեղերում չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել և ապրում են Երևան քաղաքում։ Այսօր այդ մարդկանց ստացած աշխատավարձը գնում է բնակարանային վարձին, այստեղ շատ խնդիրներ կան, մենք երկու րոպեի ընթացքում չենք կարող քննարկել, բայց մշտապես ասել ենք, որ պիտի ստեղծվի հատուկ մարմին, այդ բոլոր հարցերը քննի ու հետևություններ անի, միգուցե նաև անհրաժեշտություն լիներ, որպեսզի պետությունը վերցներ այդ պատասխանատվությունը իր վրա՝ բնակարաններ կառուցելու և մարդկանց տրամադրելու»,-ասաց նա։



