Ամեն ինչ արվում է` ագրեսոր «հարևան-բարեկամին»...
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է․
«Իշխանամերձ հասարակական, քաղաքական գործիչների կեղծ ու քողարկված թեզերով Հայաստանում տեղի ունեցող դրական գործընթացների մասին հարցազրույցները բթացնող ու անտարբերություն առաջացնող ազդեցություն են ունենում մեր հասարակության լայն շերտերի վրա, ու ցավալին այն է, որ այս կեղծ թեզերն օրեցօր էլ ավելի մեծ լսարան են գրավում։
Մեր երկրի կենսական նշանակություն ունեցող մայրուղու վրա փաստացի ադրբեջանական վերահսկողությունն առանց պաշտոնական դեմարկացիայի, դելիմիտացիայի հանգեցնելու է ՀՀ քաղաքացիների կողմից այդ ճանապարհը չօգտագործելուն, և այս երևույթն աստիճանաբար դառնում է սովորական իրավիճակ։ Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է` ագրեսոր «հարևան-բարեկամին» գոհացնելու համար։ Պաշտոնական այս կեղծ քարոզչությամբ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով արձանագրվող նվաճումները ոչ այլ ինչ են, քան հերթական կորուստների մասին նախնական ազդակներ:
Հարմարվե՞նք այս իրականությանը։ Նախկինում էլ է այսպես եղել, թոզ են փչել մարդկանց աչքերին ու գործել ըստ իրենց նպատակահարմարության։
Չեմ մեղադրում, քանի որ այս վարքագիծն արտաքին քաղաքական հարաբերությունների մասին պատկերացումների հարց է. «այս մարդիկ» էլ այսպես են պատկերացնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, և նրանց արհամարհական վարքագիծը լեգիտիմացրել է հենց ՀՀ քաղաքացին, ցավոք։ Այլ հարց է` մեր ժողովուրդը սրա՞ն էր ձգտում, թե ոչ։ Միայն չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հանդուրժել 44-օրյա պատերազմից ցայսօր թշնամու (այո, թշնամու) կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ ամենօրյա ռեժիմով կատարվող հայատյաց, ագրեսիվ վարքագիծը` խաղաղ բնակչության հանդեպ, որն ըստ էության հենց անպատժելիության հետևանք է»։