Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բռնկվել. Բորե...

Եթե ​​չվերահսկվի, Գազայի պատերազմը կարող է կրակի մատնել ողջ Մերձավոր Արևելքը: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է Euronews-ը։

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չհանգուցալուծվի:

Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ​​ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր հաշվեհարդարի:

«Ատելությունը արմատավորվել է։ Եթե ​​այս ողբերգությունը շուտով չավարտվի, ես մտավախություն ունեմ, որ ողջ Մերձավոր Արևելքը կարող է հրդեհվել:

Լարվածությունն աճում է նաև Կարմիր ծովում, որտեղ միջազգային առևտրային նավերը հարձակման են ենթարկվել Իրանի կողմից աջակցվող հութիների կողմից»,-ասել է նա:

Բորելը ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները միաձայն կոչ չեն արել հրադադար հաստատել Գազայի հատվածում. «Մենք սահմանափակվեցինք մարդասիրական դադարների և պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու պարզ համատեղ կոչով: Եվրամիությունը չի եկել միաձայն որոշման կամ դիրքորոշման, և դա մեզ թուլացնում է»։