Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական փորձառությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սմաիլ Բենամարան պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման, դիվանագիտական ու մշակութային շփումների մակարդակի բարձրացման համար:
«Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ալժիրը մեծ ցանկություն ունի բարձրացնել Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը»,- շեշտել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև տնտեսական, տուրիստական և մշակութային ոլորտներում փոխգործակցության, վիզային ռեժիմի դյուրինացման և երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական խորհրդակցությունների անցկացման հնարավորություններն ու հեռանկարները:
Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ չնայած միջազգային հարթակներում Հայաստանն ու Ալժիրն արդյունավետ համագործակցում են, այնուամենայնիվ կարիք կա երկու երկրների միջև անմիջական շփումներն առավել ակտիվացնել:
Նորանշանակ դեսպանն իր հերթին շեշտել է պետական բարձր մակարդակի փոխայցելությունների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:



