Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով նախկին իշխանության տարիներին ևս խոսվել է թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերությունների մասին․«Ինչ վերաբերում է Հայաստանում հնչող հայտարարություններին, ապա նախկին իշխանության օրոք նաև խոսել են Թուրքիայի հետ հնարավոր հարաբերությունների կարգավորման մասին՝ շեշտելով դրանց՝ առանց նախապայմանների բնույթը: Դրա մասին խոսվել է նաև մեր նախընտրական ծրագրում, դրանից զատ որևէ բարեկամության մասին որևէ խոսք չի գնացել: Այսինքն, որ մեր երկրում երբեք թշնամանք չի քարոզվել, դրա ականատեսը եղել ենք տասնամյակներ շարունակ, ես երբեք չեմ ուզենա, որ մեր երկրում թշնամանք քարոզվի»,- ասաց պատգամավորը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողների դիտարկմանը, թե ի՞նչ է կարծում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը խոսում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին և Հայաստանի քաղհասարակությանը կոչ է անում այդ հարցում աջակցել իրեն, պատգամավորն ասաց.«Պետք է խոստովանեմ, որ Ալիևը շատ լավ օգտագործում է մեր ներքաղաքական իրավիճակը՝ իր տարբեր ելույթներում տարբեր շեշտադրումներով ինչ-որ շահարկումների առիթ տալով: Բազմիցս նշել եմ, որ մենք չպետք է տրվենք այդ պրովոկացիաներին, մեր բոլոր անհամաձայնություններին, տարակարծություններին, փոխադարձ մեղադրանքներին: Հարցեր կան, որոնց շուրջ մեր դիրքորոշումը պետք է անսասան լինի, դրանում է մեր ուժը»,-ասաց պատգամավորը:



