Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արդեն սկսել են Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցային գործընթացը: Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է ելակետ դառնալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը պատմություն դառնա։ Բաքուն, նրա խոսքով, պատրաստ է դրան, հայտնում է Ռիա Նովոստին։
«Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք պետք է ապագային նայենք: Այսօր մենք քննարկեցինք մեր տեսակետներն ապագան կառուցելու մասին: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս երկու կողմի ձգտումը շրջելու էջն ու կենտրոնանալու ապագայի վրա»,- ասել է Ալիևը:
Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն և Երևանն արդեն բանակցային գործընթաց են սկսել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով և որ դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Տեղեկացրել է նաև, որ արդեն մի շարք հանդիպումներ են կայացել տարբեր մակարդակներում:
«Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբոջովին շրջելու համար: Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծի»,- ասել է Ալիևը։



