Ալիևն իրեն թույլ է տվել ուղիղ քննադատել Ռուսա...

Ուկրաինական հակամարտությունը ռուսական ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա այստեղ Ալիևը չի մեղանչում ճշմարտության դեմ. Ադրբեջանն այդ դիրքորոշումը որդեգրել է դեռևս Ղրիմի վերադարձից հետո, պարզապես այն այդքան համառորեն չէր հնչեցնում, ինչպես հիմա», - ասել է պատգամավորը։ «Իսկ սկզբից Բաքուն հետևում էր մեզանից տարբերվող, իսկ երբեմն նույնիսկ թշնամական դիրքորոշմանը։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք դա նկատել, թեև պետք է նկատեինք ի սկզբանե»։

Զատուլինը բացատրել է, որ մինչև որոշակի պահ Ադրբեջանին հետ էր պահում Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների ըմբռնումը, սակայն այժմ դա այլևս այդքան էլ արդիական չէ: Պատգամավորի խոսքով՝ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի, այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը:

«Բայց այն փաստը, որ Ալիևը ուկրաինական հակամարտությունը անվանեց ներխուժում, արդեն իսկ ուղիղ քննադատություն է Ռուսաստանի հասցեին։ Լավ է, որ մենք գոնե եզրակացություններ ենք անում, որ չպետք է խաբենք մեզ Ադրբեջանի հարցում և պատկերացնենք նրան որպես մեր գործընկեր։ Սա թյուրիմացություն է եղել», - վստահ է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, որ հանրապետությունը աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը հակամարտության առաջին օրերից ի վեր։ Նա միջադեպը անվանել է «ռուսական ներխուժում»։