Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույ...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։

Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։ 

«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Ես կարծում եմ, որ որևէ փակուղու մասին չի կարելի խոսել։ Նաև ադրբեջանական կողմի համար է ձեռնտու, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- ասաց ԱԺ նախագահը։ 

Նրա խոսքով՝ բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևէ ձևով, որևէ քայլով չի ավելացվելու։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր խաղաղության օրակարգը իրականություն դառնա»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին՝ Սիմոնյանն ասաց, որ իրենք դրան ուշադրություն են դարձնում, հետևություններ են անում դրանից, բայց իրենց նպատակը խաղաղության օրակարգը իրականություն դարձնելն է։ 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 17-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այդ նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։