
Ազգային ժողովի միջանցքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրկախառնվեցին: Քոչարյանը լրագրողներին կոչ արեց նկարել այդ պահը:
Նշենք, որ երկար ժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ի ներսում թեւերի են բաժանվել եւ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը տարբեր ճամբարներում են հայտնվել, որ նրանց մեջ հակակրանք կա:
Գրկախառնությունից հետո Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանի վարքի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարց իրենք չեն քննարկել. «Էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելը ճիշտ գաղափար է»:
Հիշեցմանը, որ ինքը քննադատել էր Անդրանիկ Քոչարյանին լրագրողի հանդեպ իր վարքի համար, ԱԺ նախագահն ասաց. «Այո, չէր կարելի, պետք չէր, պարոն Քոչարյանն էլ է կարծում, որ պետք է ավելի... կարծում եմ՝ հաջորդ անգամ չի լինի նման բան»:
Քոչարյանն էլ հավելեց, որ ինքը պարզաբանում է տվել, թե ինչ է նկատի ունեցել:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Քրիստինե Ջեբեջյանին նախ կոպիտ ձեւով ասաց, որ հեռու կանգնի, ապա հորդորեց «մաքրել շրթունքները»: