
Իր նկարը, որ դնեն, մարդ կհավաքվի, բայց այդ մարդիկ ինչ կանեն այդ նկարի հետ՝ թող ինքը մտածի: Հանրային ընկալումն իրենց շուրջ բոլորս գիտենք՝ ինչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված հետևյալ խոսքերին. «Իրենք յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքեն: Իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ կհավաքվի»:
Խոսելով իշխանության և ընդդիմության մրցակցության մասին՝ Սաղաթելյանը նշել է. «Մենք իրենց հետ չենք կարող մրցակից լինել ստի, կեղծիքի, սրիկայության, մնացած բոլոր բնագավառներում, բայց երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու նպատակով իրենք ասելիք չունեն: Իրենք իրավունք չունեն խոսելու ո՛չ խաղաղության, ո՛չ ապագայի, ո՛չ մնացածի մասին»:
Նա հավելել է, որ իշխանության՝ գիշեր-ցերեկ ընդդիմությունից խոսելն արդեն շատ հարցերի պատասխաններ է տալիս: