Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս և ապացուցում է այն, որ Սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց Սահմանադրությամբ: Իհարկե սահմանադրական բազմաթիվ երաշխիքներ մեր աչքի առջև նսեմացվում են, սակայն դրանից սահմանադրական նորմերը չեն դադարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է, դա նաև կատարվում է բաց և թափանցիկ: Ի դեպ չեք գտնի որևէ Եվրոպական երկիր որում նման նույնիսկ մոտարկված փորձ լինի: Միաժամանակ Մայր Աթոռի սահմանադրական երաշխիքից և օրենսդրական կարգավորումներից առավել քան հստակ է, որ այդ թվով 10 անդամների վարքը պետք է ունենա հետևանքներ, դրա բոլոր մեխանիզմներն առկա են: Հենց այդ իմաստով նաև տեղեկատվությունն առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում չափազանց կարևոր է:
Միաժամանակ այս ամենն ապացուցում է, որ Մայր Աթոռը պաշտպանության կարիք ունի: Հենց այս ամենն ապացուցում է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում նաև այն, որ Մայր Աթոռը լինի պաշտպանված: Ի դեպ այս հինգ ամսից ավելի ժամանակահատվածն ապացուցում է, որ ի հեճուկս այդ ամենին, աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից, վախը չի գերակայելու, իրավունքը գերակայելու է»,-գրել է նա:



