Ախալքալաքում ֆերմերները մտածում են բերքահավաք...

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի ավարտվել, որոշ գյուղերում կարտոֆիլը ցրտահարվել է։ Շրջանում աշխատուժի պակաս կա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ ֆերմերներն արդեն մտածում են բերքահավաք տեխնիկա ներդնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է Jnews-ը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում բերքահավաքը դեռ ընթացքի մեջ է, հատկապես քաղաքից հեռու գտվող գյուղերում, որտեղ բերքահավաքը համեմատաբար ուշ է սկսվել։ Եղանակը գնալով վատանում է, ֆերմերները լրջորեն անհանգստացած են։ Նրանք շտապում են բերքը հավաքել, սակայն աշխատողներ չեն կարողանում գտնել։

Ֆերմերների խոսքով, այս տարի, ընդհանուր առմամբ, եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բերքահավաքը ուշ է սկսվել, բացի այդ, այս տարի աշխատուժի պակաս կա։ Կարտոֆիլ հավաքողն օրական 70-75 լարի է պահանջում, բայց այդ գնով էլ աշխատողների հնարավոր չէ գտնել։

Կարտոֆիլի դաշտերի տարածքը, ըստ մասնագետների, այս տարի չի գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը, սակայն, ֆերմերների հետ խոսելիս, պարզվում է, որ ոմանք այս տարի ավելի շատ են ցանել, քանի որ չէին կարողացել իրացնել նախորդ տարվա բերքը։

Բերքահավաքի սեզոնին պարբերաբար անբարենպաստ եղանակ էր լինում, երբեմն ձյուն էր գալիս, օրեր էին լինում, երբ գիշերը ջերմաստիճանը զրոյից ցածր էր լինում, ինչի արդյունքում չհավաքված կարտոֆիլը ցրտահարվեց։

«Ուրախացել էինք, որ այս տարի կարտոֆիլի գինը բարձր է, բայց թե եղանակը փչացրեց բերքը, իսկ գինն այնքան էլ բարձր չի, 1 կգ-ը դարձել է ընդամենը 80 թեթրի»,- ասել է կարտոֆիլագործներից մեկը։

 Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։