Աջափնյակում նախատեսվում է կառուցել բնակելի մի...

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագրի ընթացքը:

Մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մի քանի փուլով:

Բնակելի համալիրներից բացի, տարածքում նախատեսված է դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրային մակերեսի ստեղծում, 11 հա կանաչ գոտու վրա անտառպուրակի հիմնում, որի աշխատանքները մեկնարկել են:

Երևանի քաղաքապետը նշել է, որ համայնքը կարևորում է կառուցապատման նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումը քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Քաղաքապետը շեշտել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև ենթակառուցվածքային կարևոր խնդիրներ: