ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճա...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կապիկների ծաղիկի համաճարակը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ։

Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) երեկ հայտարարել է հանրային առողջության արտակարգ դրություն՝ այս հիվանդության բռնկման պատճառով։

Վեստի.ռու-ն գրում է, որ կապիկի ծաղիկով վարակման դեպքերը զգալիորեն աճել են 2023 թվականին։ 2024 թվականի սկզբից աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 14 հազար դեպք, մահացել է 524 մարդ։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում արագորեն տարածվում է կապիկի ծաղկի նոր տեսակը։ Աֆրիկայի տարբեր մասերում գրանցվել են ծաղիկի այլ տեսակների բռնկումներ։ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ։

ԱՀԿ-ն մշակել է տարածաշրջանային պլան, որի իրականացման համար անհրաժեշտ է 15 մլն դոլար, որից 1,45 մլն դոլարը հատկացրել է հենց կազմակերպությունը, իսկ մնացածը կտրամադրեն դոնորները։

Կապիկի ծաղիկը վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց: Մարդկանց մեծ մասը, ովքեր հիվանդանում են, ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն հնարավոր են բարդություններ:  Ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, դող, արտահայտված թուլություն։ Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: