
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ական թթ., ելնելով մարքիստական հակակրոնական տեսությունից, խորհրդային իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսեցին լայնատարած պայքար:
Հետաքրքրական է, որ եկեղեցին խորհրդային իշխանությունների կողմից ընկալվում էր «դաշնակցականացված» կառույց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅ Դաշնակցությունը՝ բնական դաշնակիցներ, որոնց միջև կապը պետք էր կտրել և առանձնաբար չեզոքացնել:
Սկսվեց եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը, որը, ըստ Վ.Ի. Լենինի, պետք էր անել անխնա վճռականությամբ և արագորեն՝ կանգ չառնելով դիմադրության առջև: Գևորգ 5-րդ կաթողիկոսն իր կոնդակով այս ամենը համեմատեց պարսից շահերի կողմից Արարատյան երկիրը հայերից դատարկելու քաղաքականության հետ: Սակայն պետությունը, ի դեմս խորհրդային իշխանության, ոչ միայն կանգ չէր առնում, այլ ավելի կատաղի կերպով էր շարունակում միջամտել եկեղեցու գործերին. 1926 թ. արգելվեց եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության օրվա՝ ապրիլի 24-ի նշումը:
Հայոց եկեղեցու դեմ պայքարում խորհրդային իշխանություններն անխնա օգտագործեցին 1920-ական թթ. առաջ եկած «Ազատ եկեղեցական եղբայրություն» կամ «Նոր եկեղեցի» (Նորոգչականներ) աղանդավորական շարժումը: Այն հովանավորվում էր բոլշևիկյան իշխանության կողմից, նրան տրամադրվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հիմնվել էր «Ազատ եկեղեցի» ամսագիրը: Այս ամենը նպատակ ուներ պառակտել Հայ առաքելական եկեղեցին: Աղանդավորական այս շարժման մեջ, բնականաբար, ընդգրկվել էին որոշ դավաճան եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ: Նկատի ունենալով նորեկեղեցականների՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը, խորհրդային իշխանությունը հրահանգել էր նրանց օգտագործել որպես զենք և սպառնալիք Գերագույն հոգևոր խորհրդի նկատմամբ, և վերջինս վերջնականապես նվաճելու համար «Նոր եկեղեցին» պետք է, որ պահպանվեր և դուրս չթողնվեր խորհրդային իշխանության ազդեցությունից և ղեկավարումից:
Հայպետքաղվարչության առջև խնդիր էր դրված հասնել նրան, որ Գերագույն հոգևոր խորհրդի գործունեությունը դառնա խորհրդայնամետ, կտրել եկեղեցին ՀՅԴ-ից ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ գաղթօջախներում: Առաջադրանք կար նաև մեկուսացնել այն հոգևորականներին, ովքեր կողմնորոշում ունեն դեպի ՀՅԴ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները:
Այդուհանդերձ, այս «նորոգչական» կոչված արհեստածին շարժումը հաջողություն չունեցավ և շուտով վերացավ:
ՀԱԵ-ի դեմ պայքարը ակտիվացավ վերստին 1920-ական թթ. վերջին, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկին ուղիղ կապ տեսնելով հոգևորականության և ՀՅԴ-ի միջև, շարունակեց երկուսի դեմ զուգորդված պայքարը: Այսպես, 1927 թ. կուսակցական որոշումներից մեկով պահանջվում էր մամուլի էջերով մերկացնել դաշնակցականների ու հոգևորականության միջև կապը: Նույնը պահանջեց նաև «Անաստված» ամսագիրը՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում հոգևորականներ-ՀՅԴ համագործակցության ղեկավարումը վերագրելով կաթողիկոսին և ներկայացնելով մեղադրանքներ:
Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ: 100 տարի անց՝ ոչ ևս են խորհրդային իշխանությունը, կոմունիստական գաղափարախոսությունը, անաստվածությունը, մանր ու մեծ գործակալները, մատնիչներն ու դավաճանները: Փոխարենը կա Հայ Առաքելական եկեղեցին՝ իր լուսապաշտ էությամբ ու հարատև ընթացքով:
100 տարի անց էլ այսպես կհիշեն այս դժնդակ օրերն ու 1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ 2020-ական թթ. դուրս եկած հերթական բջիջներին:
Հ.գ. Լուսանկարում իմ պաշտելի Վարդգես Սուրենյանցի հռչակավոր գործն է՝ «Ոտնահարված սրբությունը», որով նա ներկայացրել է թուրքական բարբարոսություններն ու 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտը։