Ագրեսիայի և ատելության մակարդակն անցնում է քա...

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խորը անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում մեր հասարակությանը պարտադրված պառակտման, «սևերի» և «սպիտակների»,  «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» արհեստական բաժանման փաստի վերաբերյալ:

Ագրեսիայի և ատելության մակարդակն անցնում է քաղաքակիրթ հասարակության մեջ  ընդունված բոլոր սահմանները և օրըստօրե ավելի սաստկանում, սպառնալով պետական անվտանգությանը: Հասարակությունը դարձել է այդ ատելության գերին, ինչով սնվելը վտանգավոր է ազգի գոյության համար: Ցավալի է, բայց այս երևույթը «սնելու» մեջ իր անմիջական ներդրումն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարն իր «ճշմարտացիությունը» հաստատելու ճանապարհին չի խորշում սպառնալ, վիրավորել, պիտակավորել ցանկացածին, ով հրապարակավ իր այլախոհությունն է արտահայտում: Սա ոչ միայն դատապարտելի է, այլ նաև տագնապ է ներշնչում, խախտվում է հասարակական հարաբերությունների հավասարակշռության սկզբունքը:

Սրան հանդիման որոշ այլախոհների ճամբարից հնչում են ոչ պակաս ծայրահեղ  գնահատականներ, վիրավորական արտահայտություններ: Երկու կողմից «ֆեյքերի»  մի ամբողջ բանակ է դուրս եկել «մարտի դաշտ»:

Բանը հասել է նրան, որ սոցցանցերում սկսել են հայհոյանքներով խոսել մինչև անգամ կանայք, ինչը անհնարին էր պատկերացնել: Գործի դրվեցին նաև հարձակումներ մշակույթի, եկեղեցու և ընտանեկան այն արժեքների վրա, որոնց շնորհիվ պահպանվել է մեր ինքնությունը: Ցավոք, փորձ է արվում ներդնել նոր արժեքներ, որոնք տեղ են գտել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայում: Մարդկանց միջև բախումների, սպանությունների և ինքնասպանությունների հաճախակի դեպքերը արդյունք են ատելության մթնոլորտի:

Ամենասարսափելին այն է, որ այս ագրեսիվ տրամադրությունները և պառակտումը կարող են ազդել մեր զինված ուժերի բարոյական ոգու և մարտունակության վրա:

Հարկավոր է կանգնեցնել առճակատման վտանգավոր պրոցեսը, վերադարձնել հասարակությանը իրականության զգացումը, դադարել փնտրել ներքին թշնամիներ, վերակենդանացնել ազգային համերաշխությունը և դա, առաջին հերթին, պետք է անի իշխանությունը: Եթե ոչ, ապա ինքն է իր անխոհեմ քայլերով ձգտում գահավիժման: Ընտրությունը ձերն է պարոնայք:

 

ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

07.02.2020թ.