Ես ԱԳՆ–ում աշխատանքից ազատման դիմումը գրել եմ 2020–ի նոյեմբերի 10–ին, ինձ նման գրել են էլի մարդիկ, բայց քանի որ երկիրը անցումային մի փուլում էր պատերազմի շոկից հետո, որոշեցինք սպասել ընտրություններին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ԱԺ ամբիոնից ինքը հայտարարել էր, որ ԱԳՆ–ից ազատման դիմում գրել է 2023–ին, մինչդեռ ավելի վաղ մի հարցազրույցում ասել էր, որ դիմումը գրել է 2020–ի նոյեմբերի 10–ին։
«Ես դիմումս գրել և իջել եմ փողոց, ինձ մոտ նախապայման է եղել, որ եթե չեք ընդունում իմ դիմումը, այնուամենայնիվ ես իմ անհամաձայնությունը հայտնում եմ վարվող քաղաքականության հետ, ես իջնելու եմ փողոց, ուզում եք ինձ աշխատանքից հանեք»,– ասաց նա՝ հավելելով, որ 2021թ․ ընտրություններից հետո ինքը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, իսկ 2023թ․ արդեն սեփական դիմումով ազատվել է աշխատանքից։



