ԱԳՆ-ին կոչ են անում արձագանքել Հենրիխ Մխիթարյ...

ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով ՀՖՖ-ին և ԱԳՆ-ին համապատասխան արձագանք հնչեցնել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունն ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին:

Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը նախատեսված է անցկացնել Բաքվում, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են անգլիական «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբները:

Հայտնի է դարձել, որ «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է բաց թողնել մի խաղ, որին մասնակցությունը աշխարհի բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների երազանքն է:

Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի»՝ հայկական ազգանուններով երկրպագուներին: Այս պատմական խաղը Մխիթարյանի կողմից բաց թողնելու հեռանկարը արդեն իսկ ողջ ֆուտբոլային հանրությունը խայտառակություն է որակել, հազարավոր երկրպագուներ և փորձագետներ առաջարկում են բոյկոտել խաղը և չմեկնել Բաքու:

Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար: Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն այս գերզգայուն խնդիրը բարձրացնելու է բոլոր միջազգային հարթակներում, միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր համաքաղաքացու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի իրավունքները պաշտպանելու համար», – գրել է Արեն Պետունցը:

Հիշեցնենք, որ անվտանգության բավարար երաշխիքներ չստանալու պատճառով Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակչին: