
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հաստատում է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։
«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», – պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ–ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։