Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա) ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:
Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք: Կուբայի դեսպանն իր հերթին նշել է, որ կանի առավելագույնը՝ նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հարցերին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ի թիվս այլոց, բազմակողմ հարթակներում:
Պարույր Հովհաննիսյանը կուբացի դիվանագետին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի տեսլականը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: