Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալ...

Աֆղանստանի իշխանությունները շուտով դիվանագետ կնշանակեն Մոսկվայում երկրի դեսպանի մակարդակով: Այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութաքիին:

Նախարարն այս մասին հայտարարել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հետ կայացած հանդիպմանը, որն անցկացվել է Քաբուլում։

Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին հայտնել էր, որ «հանդիպման ընթացքում քննարկվել են Աֆղանստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տնտեսական ու առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային մի քանի հարցեր»։

Ապրիլի 17-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը հրապարակել էր որոշում, որի համաձայն «Թալիբան»-ը հանվում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, և վերացվում է շարժման գործունեության արգելքը։

«Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբան»-ին հանելը «ճանապարհ է բացում դեպի Քաբուլի հետ լիարժեք գործընկերության հաստատում, որն իրականացվում է ի շահ Ռուսաստանի և Աֆղանստանի ժողովուրդների»։