Հյուսիսային Աֆղանստանի Բաղլան նահանգի Անդարաբի շրջանում հումանիտար իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, քանի որ «Թալիբան» արմատական շարժման զինյալները արգելափակում են վառելիքի եւ սննդի մատակարարումը, ինչպես նաեւ առեւանգում տեղի բնակիչներին: Թալիբների հասցեին նման մեղադրանքներով է երեքշաբթի օրը ելույթ ունեցել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, ով չի ճանաչել արմատականների կողմից երկրում իշխանության բռնազավթումը եւ իրեն հռչակել է պետության ղեկավարի պաշտոնակատար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թալիբները թույլ չեն տալիս սնունդ եւ վառելիք մտցնել Անդարաբի հովիտ: Հումանիտար վիճակը սարսափելի է: Հազարավոր կանայք ու երեխաներ ստիպված փախել են լեռները: Վերջին երկու օրերի ընթացքում թալիբները առևանգում են երեխաներին ու տարեցներին եւ նրանց օգտագործում որպես կենդանի վահան՝ շրջելու կամ տները խուզարկելու համար»,- Twitter-ի իր էջում գրել է Սալեհը:



