Աֆրիկայի որոշ երկրների ղեկավարներ մայրցամաքի պետություններում տեղի ունեցած մի շարք հեղաշրջումներից հետո որոշել են փոխել ուժային կառույցների բարձրագույն կազմը նման իրադարձությունները կանխելու համար։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են The Wall Street Journal պարբերականի աղբյուրները։
Հրատարակությունը նշում է, որ Գաբոնում ռազմական հեղաշրջումից մի քանի ժամ անց Կամերունի 90-ամյա նախագահ Փոլ Բիյան անվտանգության հարցերով մի քանի խորհրդականների է նշանակել պաշտպանության նախարարության բարձր պաշտոններում։
Իր հերթին, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն պաշտոնանկ է արել ավելի քան 10 գեներալների և ավելի քան 600 բարձրաստիճան սպաների։
Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն նշանակել է անվտանգության ծառայության երկու նոր ղեկավարի, իսկ Ուգանդայի 78-ամյա առաջնորդ Յովերի Մուսևենին աշխատանքից ազատել է ԱՄՆ-ում ուսուցում անցած ոստիկանապետ գեներալ Կալե Կայիhուրային և ևս 11 գեներալի:
Սիերա Լեոնեում անցած ամիս ավելի քան 10 բարձրաստիճան զինվորական և մի քանի ոստիկան է կալանավորվել, որոնք մեղադրվել են երկրի առաջնորդ Ջուլիուս Մաադա Բիոյին տապալելու փորձի մեջ:
Ըստ Oxford Economics Africa քաղտնտեսության ռիսկերի մոդելի՝ սպառնալիքի տակ են հայտնվել Հասարակածային Գվինեայի, Մավրիտանիայի, Գամբիայի, Սիերա Լեոնեի և Կենտրոնաֆրիկյան Հանրապետության առաջնորդները։
Հրատարակությունը նշում է, որ աֆրիկյան շատ երկրների էլիտաներ երկար տարիների անարդյունավետ կառավարումից, կոռուպցիայից և անազնիվ ընտրություններից հետո միայն հարստացել են, իսկ աղքատների թիվը, ընդհակառակը, աճում է, ինչը մեծացնում է դժգոհությունը հասարակության շրջանում։



