AfD-ն մտադիր է պաշտպանվել զրպարտությունից իրա...

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահներ Ալիս Վայդելը և Տինո Խրուպալլան Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (Գերմանիայի հակահետախուզության) կողմից ամբողջ կուսակցությունը «աջ ծայրահեղական» դասակարգելու որոշումը լուրջ հարված են համարել Գերմանիայում ժողովրդավարությանը և հայտարարել, որ AfD-ն կշարունակի պաշտպանվել զրպարտությունից իրավական միջոցներով։

«Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի այսօրվա որոշումը լուրջ հարված է գերմանական ժողովրդավարությանը. ներկայիս հարցումներում AfD-ն ամենաուժեղ կուսակցությունն է: Գերմանիայի կառավարությանը մնացել է ընդամենը չորս օր: Հետախուզական ծառայությունն այլևս նույնիսկ նախագահ չունի»,-հայտարարության մեջ նշել են Վայդելը և Խրուպալան:

Ընդսմին, կառավարության փոփոխությունից կարճ ժամանակ առաջ, նրանք շեշտել են, որ «AfD-ին հրապարակայնորեն վարկաբեկում են և քրեականացնում որպես ընդդիմադիր կուսակցություն»։ «Հետևաբար, ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացին ուղղված նպատակային միջամտությունը հստակորեն քաղաքական դրդապատճառներ ունի։ AfD-ն կշարունակի պաշտպանվել իրավական միջոցներով ժողովրդավարությանը սպառնացող զրպարտությունից»,-եզրափակել են կուսակցության առաջնորդները։

Ավելի վաղ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դասակարգել էր որպես աջ ծայրահեղական։ Ընդ որում պնդվում էր, որ «կուսակցության կողմից ժողովրդի մասին գերիշխող ընկալումը՝ հիմնված էթնիկական ծագման վրա, անհամատեղելի է ազատ ժողովրդավարական հիմնական կարգի հետ»։