Վերջին շաբաթներին հայտարարությունները, թե Թուրքիան եւ Հայաստանը ջանում են կարգավորել հարաբերություններն առաջին անգամ մեկ սերունդ հետո, հաշտեցման առնվազն մի ինչ-որ հույս են ծնել։ Ակնհայտ պատճառներով գոյություն ունի հաջողության հնարավորությունների հանդեպ մեծ թերահավատություն, բայց յուրաքանչյուր երկրի հատուկ բանագնացների ննշանակումը, թվում է, որոշակի շոշափելի առաջընթաց է ներկայացնում, գրում է Նեյլ Հաուերն Arab Weekly-ի իր հոդվածում։
«Բայց կա եւս մեկ արտաքին գործոն, որն ավելի մեծ հավանականությամբ կխափանի այդ գործընթացը, քան անգամ Երեւանի եւ Անկարայի դարավոր փոխադարձ մեղադրանքները. Բաքու կոչվող բլոկպոստը, որը կանգնած է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած թուրք մի շարք պաշտոնյաներ հայտարարություն են արել այն մասին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները հաստատել են Հայաստանի վաղուցվա դիրքորոշումը՝ առանց նախապայմանների կարգավորման պատրաստակամության մասին։
Թվում էր, թե հարցը պատրաստ է առաջ ընթանալ, բայց մի չբարձրաձայնված վերապահմամբ, որի վրա են հենվելու առաջընթացի բոլոր հույսերը. որքանո՞վ, առհասարակ, Թուրքիան կցանկանա հնազանդեցնել Ադրբեջանին։
Բաքվի ռազմավարությունը անցած տարվա պատերազմի ավարտից հետո տանուլ տված հարեւանին անզուսպ ճնշման ենթարկելն է։ Փորձելով ստիպել Հայաստանին լիովին հրաժարվել Ռուսաստանի կողմից պահպանվող Ղարաբաղից եւ ապահովել անխոչընդոտ հասանելիություն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ Ադրբեջանը փակել է Հայաստանի հյուսիսից հարավ գլխավոր ճանապարհը, օկուպացրել նրա տարածքի մի մասը եւ սկսել հարձակում Հայաստանի դեմ։