Սրբապղծություն, զրո ապրումակցում, զոհերի հիշատակի անարգում, անգամ երևի թշնամին նման բան չի կարա, չի կարող անել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր՝ Արցախի հայաթափման օրը վարչապետ Նիկոլ աշինյանը իր էջում ջազային երաժշտություն է տեղադրել ու նշել, որ աշխատանքային օրվա լավ մեկնարկ է։
«Իրենք թշնամական ռեժիմ են։ Այն ժամանակ, որ մեր հայրենակիցները սովի էին մատնված Արցախում, երբ որ էթնիկ զտում, ցեղասպանություն էր տեղի ունենում, նույն խրախճանքն ու նույն երջանիկ դեմքերն էին, նույն իրենց ցոփ ու շվայտ կյանքի արտացոլումն էր։ Այդ մարդը ամեն ինչ ասել է, ասել է, որ ես գիտակցված պատերազմ եմ բերել, ասել է, որ ես գիտակցված եմ արել այդ ամեն ինչը, իբր թե անկախություն ձեռք բերելու համար։ Մի հրաշալի սերունդ, մի ազգի սերուցք այսօր Եռաբլուրում և Հայաստանի Հանրապետության տարբեր գերեզմանատներում հանգչում է։ Այս մարդկանց համար դա նշանակություն չունի։ Ի՞նչ է, իրենց համար նշանակություն ունի՞, որ Արցախում մի վանդալիզմ է տեղի ունենում, երբ մեր պատմամշակութային հուշարձաններն են ավիրում, մեր գերեզմաններն են պղծում։ Ոչ, ինքը իր կիրթ ու կառուցողական Ալիևի հետ ուրախ և երջանիկ նկարներ են տեղադրում, Էրդողանի գիրքն էլ ուրախ և երջանիկ գրկած նկարվում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը օբյեկտիվորեն թուլացած է պատերազմներից հետո և տարածաշրջանում պետք է փորձի բալանսավորված քաղաքականության միջոցով հեռացնել սպառնալիքները, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իսկ ո՞վ է թուլացրել այս երկիրը, ով է չորս պատերազմ բերել, ո՞վ է այս արհավիրքը բերել. Նիկոլ Փաշինյանը և իր թիմն են բերել։ Ասում են խաղաղություն, հիմա Արցախում էլ է խաղաղություն, հայ մարդ չկա։ Արցախում հիմա պատերազմ չկա, խաղաղ է, այդ խաղաղությա՞նն ենք մենք ձգտում, որ Հայաստանի Հանրապետությունում էլ այդ խաղաղությունը լինի։ Ես այդ խաղաղությունը չեմ ուզում, որևէ մի գիտակից մարդ չի ուզում պատերազմ անել, որ պատերազմը բերողը իրենք են, արհավիրքները բերողը իրենք են, ողբը, դժբախտությունը բերողը իրենք են, մեր խորհրդանիշներից հրաժարվողը իրենք են, ցեղասպանությունից հրաժարվողը և պատասխանատվությունը հայերի վրա դնողը իրենք են, ամեն օր զիջումներ անողը իրենք են, ծնկի եկողը իրենք են, միայն ու միայն մի բանի համար, իրենց աթոռները պահելու համար։ Դա արվում է նրա համար, որ կարողանան վերարտադրվել։
Ենթադրենք, որ իրենք անզոր են, բա այսօրվա իրենց վերաբերմունքը ի՞նչ է նշանակում, Ալիևն ու Էրդողանն են պարտադրո՞ւմ, որ այս ցեղասպանության սկզբի օրը, երբ մեր հայրենակիցների գլուխներն էին կտրվում, ուրախ և երջանիկ տրամադրությամբ սկսի օրդ»։



