
Պառլամենտական ընտրությունների նախընտրական շրջանում գտնվող Ադրբեջանը հայտնվել է բավական տհաճ իրավիճակում։ Կրկին սկսել են ակտիվանալ ադրբեջանա-իսրայելական գաղտնի գործարքի մասին խոսակցությունները, որոնք հակաիրանական բնույթ ունեն, ինչպես գրվում է միջազգային մամուլում։
Հիշեցնենք, այս տարվա սեպտեմբերին ամերիկյան New York Times պարբերականը գրել էր այն մասին, որ Ադրբեջանն իբրեւ թե թույլատրել է, որպեսզի Իսրայելից իր տարածք բերված եւ տեղակայված անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված հասցվի Իրանի տարածքին։
Դեռ աշնանը Բաքուն բավականին «քրտնեց» հերքելու համար այդ լուերը ապացուցելու համար որ նման բան չկա։ Եվ ահա այժմ արդեն իսրայելական Israel24.info-ն է կրկին գրել նույնի մասին ավելի թարմացված տարբերակով։ Ըստ այս հրապարակման, իսրայելա-իրանական հակամարտությունը թեւակոխել է մի այնպիսի փուլ, որ Թել-Ավիվը նույնիսկ Իրանի հարեւաններից Բաքվին է փորձել ներգրավել այդ հակամարտությանը։ Ավելին, Ադրբեջանի տարածքից օդ բարձրացած իսրայելական անօդաչուներով, ըստ արդեն իրաքյան մամուլի հրապարակումների, հարվածվել են Իրաքի տարածքում գտնվող իրանական օբյեկտները։
Այս հրապարակումից հետո Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել բավական կոշտ հերքմամբ, նման հրապարակումները որակելով սադրանք։ Սակայն, այն, որ իսրայելական եւ ադրբեջանական կողմերի միջեւ կա սերտ ռազմատեխնիկական համագործակցություն, որը երբեմն հատում է նաեւ թույլատրելի միջազգային նորմերը, նույնիսկ հայկական կողմն է զգացել։
Հիշենք ոչ վաղ անցյալում հայտնի սկանդալը կրկին դրոնների հետ կապված, որոնք գործադրվել էին Ղարաբացյան ճակատում եւ պարզվել էր, որ փորձարկվել էին կենդանի թիրախների, ասել է, թե՝ հայկական կողմի վրա։ Հիշենք, որ նույնիսկ իսրայելական պաշտոնական մարմինները չկարողացան շրջանցել այս փաստն ու դրոններ արտադրող ընկերության հանդեպ բավական կոշտ որոշումներ ընդունեցին։ Ուստի որքան էլ Բաքուն հերքի, այնուհանդերձ, հատկապես երբ Իրաքի մամուլն էլ իր հերթին է խոսում նույն խնդրի մասին, այնուհանդերձ կմնան կասկածներ, որ գուցե նման գործարք կա կամ եղել է Բաքվի եւ Թել-Ավիվի միջեւ։ Չէ որ Ադրբեջանը, թեեւ այդ մասին չի խոսում, սակայն Արեւելյան Ատրպատականի հանդեպ, որը ներկայացնում է որպես Ազերբայջան, որոշակի հավակնություններ ցուցաբերում է։
Իրանական կրոնապետական ռեժիմի կոշտ արձագանքից եւ ադրբեջանցի ժողովրդի վրա իրանցի հոգեւորականության ունեցած ազդեցությամբ պայմանավորված է, որ Բաքուն այս մասին լռում է վախենալով ներքին ցնցումների գնալուց, ու հասկանալով, որ Թեհրանի հետ խաղալը լավ հետեւանք չի ունենա իր համար։ Եվ բացի այդ էլ, դժվար է պատկերացնել, թե ինչ շահ պետք է ունենար ամերիկյան հեղինակավոր պարբերականը նման «արտահոսքն» անելու համար։
Ու հիմա բավական տհաճ իրավիճակ է Բաքվի համար կրկին ստեղծվել, հատկապես հիմա, երբ ներքին խժդժությունները հաղթահարած Թեհրանը ամրացնում է իր դիրքերը։