Մոսկվայում վերլուծում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումից հետո ստեղծված իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկայում վերլուծվում են այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են, որոնք հրապարակվել են։ Անշուշտ, մենք կանենք այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին։ Սա է գլխավորը։ Մենք գործում ենք, առաջին հերթին, ոչ թե ինչ-որ մեկի դեմ, մենք գործում ենք հանուն մեր բարօրության», - ասել է Պեսկովը։
Այսպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի պատասխանը իր դեմ սահմանված նոր պատժամիջոցներին։
Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին:
Եվրամիությունն իր հերթին ընդունել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը թիրախավորում է ֆինանսական և ռազմական արդյունաբերության ոլորտները։



