Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի միջև։
Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի վարչապետը շարունակել է մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին՝ Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհի համար։ Ասադովն ընդգծել է, թե «Իրանի կողմից իր երկրի դեմ նման հարձակումները հակասում են միջազգային իրավունքի և նորմերի սկզբունքներին։
Ասադովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ստեղծված իրավիճակի համատեքստում Նախիջևանի ուղղությամբ թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով Իգդիրի օդանավակայանում ժամանակավոր երթուղիների կազմակերպման համար։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև օրակարգի արդիական հարցեր, որոնք առաջացել են ստեղծված իրավիճակից։
Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։ Եվս 1 ԱԹՍ ընկել էր դպրոցի մերձակա տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհին։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել էր հետաքննություն անցկացնել խնդրի առնչությամբ։



