Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնության են եկել...

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքների հետ կապված վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ (ապրիլի 15-ին) մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ լուծելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտեցինք այս փուլը, և սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար և զարգանում են զանազան ոլորտներում։ Մատվիենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման կապակցությամբ։

Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։

Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնության են եկել 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման շուրջ, որը կներառի նաև Ռուսաստանի կողմից փոխհատուցման տրամադրում։

Համաձայնությունը ձեռք է բերվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում 2025 թ. հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։