Ադրբեջանը դիվանագիտական նոր արշավ է սկսում․ Ե...

Հայաստանում երեկ հասարակությունը մինչ զբաղված էր եռակողմ նոր փաստաթղթի ստորագրման հետ կապված «բազարներով», Բաքվում Իլհամ Ալիեւը «Հարավային Կովկաս․ ռեգիոնալ զարգացում եւ համագործակցություն» անվանումը կրող քննարկման ժամանակ բավական հետաքրքիր հայտարարություններ արեց, որոնք վերաբերում են եւ Ադրբեջանին եւ ողջ Հարավային Կովկասին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Փորձենք ամփոփել դրանց այն մասը, որը վերաբերում է ռեգիոնին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․

• Ի սկզբանե արձանագրենք, որ թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոտ սկսված գործընթացը ավարտին հասցնելու շտապողականություն կա։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում երկու գործիչների գործողություններին եւ հայտարարություններին հետեւելիս, որ առկա է մի երրորդ ձեռք, անվանենք պայմանականորեն «տիկնիկավար», որը նաեւ ժամկետներ է նշանակել գործընթացի համար, տնային հանձնարարություններ տվել եւ այլն

• Կարող ենք արդեն կայացած իրողություն համարել, որ առաջիկայում կստեղծվի դեմարկացիոն հանձնաժողովը։ Սակայն Ալիեւի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ գործ ունենք ավելի խորքային եւ կոմպլեքս գործընթացի հետ եւ նախապատրաստվում է նաեւ խաղաղության պայմանագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են ճանաչել մեկմեկու տարածքային ամբողջականությունը։ Ինչ է սա նշանակում։ Թերեւս այն, որ Ղարաբաղյան խնդրի հետ Հայաստանը այլեւս մեծ հաշվով կապ չի ունենալու։ Այնպես չէ իհարկե, որ հիմա Հայաստանը չի ճանաչում Ադրբեջան պետության տարածքային ամբողջականությունը․ եթե չճանաչեր չէր անդամակցի ՄԱԿ-ին, սակայն այժմ արդեն այս մակարդակով ճանաչելով, ըստ էության, պաշտոնական Երեւանը «ձեռքերը կլվանա» Ղարաբաղից, քանի որ դժվար թե Նիկոլ Փաշինյանը հայտարարի օրինակ, որ Ղարաբաղյան խնդիրը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ Ղարաբաղն անկախացել է ԽՍՀՄ-ից, համաձայն ԽՍՀՄ օրենսդրության։ Այդ ճանաչումը վերջնականապես Ղարաբաղը կդնի ռուսների իշխանության տակ։

• Բաքուն սկսել է որոշակի գործարքներով հանդես գալ միջազգային ուժային կենտրոնների մոտ։ Մասնավորապես, հայտնի դարձավ երեկ, որ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների թարմացում է սպասվում, կա նոր համաձայնագիր, որը արդեն համաձայնեցված է 90 տոկոսով։ Այստեղ Բաքուն խաղարկում է էներգետիկ-վառելիքային իր խաղաքարտը։ Միացյալ Նահանգների մասով, Ադրբեջանը փորձում է համոզել, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է եւ իրեն պետք է թույլ տան, որ ամերիկյան սպառազինություններ ձեռք բերի։

Սա հետաքրքիր բազմավեկտորայնություն է, որը ինչ որ առումներով, իհարկե, ռուսական շահերին հարվածում է, սակայն եթե անկեղծ լինենք, զարմանալի է, որ Մոսկվան դեռ որեւէ կերպ ռեակցիա չի տվել Ալիեւի երեկվա հայտարարությունների այս մասին: