
Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ԱԳՆ-ին հղումով։
«Հանդիպման ընթացքում դժգոհություն եւ մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի եւ Իրանի բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն։ Ասվել է նաեւ, որ Ադրբեջանում անջատողականություն հրահրող եւ այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունն Իրանի դեսպանատներում անբարյացակամ քայլ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ալի Ալիզադեն կանչվել էր Իրանի ԱԳՆ՝ պաշտոնյաների հակաիրանական հայտարարությունների առնչությամբ
Զրույցի ընթացքում իրանական կողմը խիստ բողոք է հայտնել Ալիզադեին՝ կապված ադրբեջանական պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության, ինչպես նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում Իրանի մասին իրականությանը չհամապատասխանող կերպար ստեղծելու հետ։ Թեհրանն ակնկալում է, որ Բաքվի կողմից նման գործողությունները կդադարեն հնարավորինս շուտ եւ չեն կրկնվի ապագայում։