Ադրբեջանում հրապարակվել են աղմկահարույց «Տերտ...

Ադրբեջանցի զինվորականների զանգվածային խոշտանգումների վերաբերյալ աղմկահարույց «Տերտերի գործով» մեղադրյալների վճիռները հրապարակվել են: Ավարտվել է Ֆուադ Ախունդովի, Ռամիլ Ախմեդովի, Ջավիդ Աղադադաշևի, Գուրբան Ջումշուդովի և կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովի նախկին իրավաբան Ֆուադ Աղաևի քրեական գործով դատավարությունը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարությունը տեղի է ունեցել Սումգայիթի դատական համալիրում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։

Ֆուադ Աղաևը դատապարտվել է 13 տարվա, Ֆուադ Ախունդովն ու Ռամիլ Ախմեդովը՝ 9-ական տարի 6 ամսվա, իսկ Գուրբան Ջումշուդովն ու Ջավիդ Աղադադաշևը՝ 4-ական տարվա ազատազրկման։

Գործով տուժող է ճանաչվել 317 անձ, որոնցից չորսը խոշտանգումների հետևանքով մահացած անձանց օրինական ժառանգներ են։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ադրբեջանցի բարձրաստիճան սպաները Տերտերում և հարակից շրջաններում խոշտանգումների էին ենթարկել մի խումբ զինվորականների, որոնց կասկածում էին Հայաստանի օգտին լրտեսելու համար։

«Տերտերի գործով» հետաքննությունը վերսկսվել է 2021թ.: Պարզվել է, որ դավաճանության համար մեղադրվողների մեծ մասն անմեղ է։ Նրանցից շատերն արդարացվել են, ոմանք՝ հետմահու։