
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել՝ տեղեկացնելով, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում ևս, նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին: